կարևոր
1876 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-15 10:45

Գազի գնի բարձրացմամբ էապես թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Փաստ»

Գազի գնի բարձրացմամբ էապես թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Փաստ»

Նախօրերին հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ բանաձևերի տեսքով ներկայացված նոր սակագները, դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:

Մինչ բուն թվերին անդրադառնալը՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ գազի սակագինը միջազգային շուկաներում էապես բարձրանում է, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով. 

«Մասնավորապես, 2020-ից հետո, երբ համավարակի սահմանափակումները մեղմվեցին, միջազգային շուկաներում գազի սակագինն էապես բարձրացավ: Բայց Հայաստանը ՌԴ-ից գազը ներկրում է ոչ թե միջազգային գներով, այլ ըստ համաձայնագրի, որտեղ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար գին էր ամրագրված: Հիմա, փաստացի, մատակարարի ու ներքին բաշխման օպերատորի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ գազի սակագինը սահմանի վրա փոխվում է»:

Նշենք, որ, ըստ նշված լրացուցիչ համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում, և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: «Մեծ հաշվով, սահմանի վրա գազի միջին սակագինը կդառնա մոտ 173,5 դոլար: Այսինքն, սահմանին գազի գինը կավելանա մոտ 5 տոկոսով: Եվ, ըստ էության, այս հիմքով «Գազպրոմն» արդեն հայտով դիմել է ՀԾԿՀ, որպեսզի փոխի ներքին սակագները: Ընդ որում, հստակ են թե՛ ժամկետները, թե՛ սակագների փոփոխությունները:

Այստեղ հատկանշական մի քանի հանգամանք կա: Մինչև թվերին անցնելը պետք է փաստենք, որ էապես բարձրացել է անապահով խավին տրվող գազի սակագինը, որը արտոնյալ էր: Այդ արտոնությունը վերացվում է, ու մինչև 600 խմ գազ սպառողների, այդ թվում՝ սոցիալապես անապահով ու անապահովության նպաստ ստացողների համար գազի սակագինը կբարձրանա 33 տոկոսով՝ 1խմ-ն կդառնա 133 դրամ: Սա բացասական ազդեցություն կունենա այդ ընտանիքների սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, գազի սակակագնի մյուս բարձրացումները ևս շղթայական գնաճի են բերելու:

Առաջնային հարվածը հենց այդ ընտանիքներն են ստանալու, որովհետև նախևառաջ թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, քանի որ բարձրանալու են նաև վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների գազի, ինչպես նաև ավտոմեքենաների սեղմված գազի մատակարարման սակագները: Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերությունների, այսինքն՝ տարեկան 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար գազի սակագինը բարձրանում է մոտ 24 տոկոսով: Իսկ ԱԳԼՃԿ-ների՝ սեղմված գազ մատակարարողների համար սակագինը մոտ 8,5 տոկոսով է բարձրանում: Այս իրավիճակում նշված հանգամանքները, բնականաբար, հստակ գնաճային նոր ճնշումներ են: Ի դեպ, 2022-ի պետբյուջեում այս տարվա համար կառավարությունը 5,5 տոկոս միջին գնաճ էր կանխատեսել՝ հաշվի չառնելով թե՛ գազի սակագնի, թե՛ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի մոտ 4,7 դրամ թանկացման կարևոր գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ նա շեշտեց, որ 2022-ին նորից բարձր գնաճային միջավայր ենք ունենալու: Անդրադառնալով բնակիչների՝ մինչև 10 հազար խմ գազ սպառողների համար նախատեսված գազի նոր սակագնին՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Բնակիչների կամ այն անձանց համար, ովքեր իրենց բակում կամ հողամասում փոքր ջերմոցներ ունեն, գազի սակագինը մի փոքր՝ մոտ 4-5 տոկոսով նվազելու է:Մեկ խորանարդ մետրի հաշվարկով դա մոտ 5 դրամ է լինելու: Մինչդեռ վստահաբար ասում եմ՝ սա արվել է նրա համար, որ օրվա իշխանությունները, նշվածի վրա հիմնվելով, փորձեն գազի սակագնի բարձրացման իրենց ձախողումն ինչ-որ կերպ քողարկել: Միևնույն ժամանակ, եթե 4-5 տոկոս նվազումը հաշվում ենք ընդհանուր սակագնի բարձրացման ու գնաճի համատեքստում, ապա դա որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ: Գազի սակագինը մի փոքր նվազում է, բայց, ընդհանուր առմամբ, այդ մարդիկ փաստացի պետք է ավելի շատ վճարեն, քանի որ սեղմված գազը թանկանում է մոտ 8,3 տոկոսով, թանկանալու են նաև վերամշակող արդյունաբերության, նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում՝ հացը: Գազի սակագնի վերանայման հետևանքով էապես թանկանալու են նաև ջերմոցային տնտեսություններում արտադրվող գյուղատնտեսական մթերքները, որովհետև, ինչպես նշեցի, այս ճյուղերի համար գազի սակագնի մոտ 24 տոկոս բարձրացում է նախանշվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

 Նրա խոսքով, բացի նրանից, որ այս ամենը կրկին գնաճի է հանգեցնելու, տնտեսության նշված ճյուղերը ևս մեծ հարված են ստանալու. «Խոսքը հատկապես վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների մասին է: Խնդիրն այն է, որ հարևան երկրների համեմատ գազի սակագնի տեսանկյունից առանց այդ էլ մրցակցային չենք: Մեզ մոտ գազի սակագինը պատիկներ անգամ բարձր է: Եվ այս «թուրքական մերձեցման» ֆոնին փաստացի նշված տնտեսությունների դիրքերը ոչ միայն միջազգային շուկաներում, այլև ներքին շուկայում են տուժելու: Նրանք դուրս են մղվելու անգամ ներքին շուկայից: Ի դեպ, թե՛ ջերմոցային տնտեսությունները, թե՛ վերամշակող արդյունաբերությունն աշխատատար ճյուղեր են: Այսինքն, այստեղ խոսքը բազմահազար աշխատատեղերի, նաև ինքնազբաղվածության մասին է, որոնք ևս հարվածի տակ են դրվելու: Եթե իրենց հիմնական ծախսը բարձրանում է, ու ոչ մրցակցային են դառնում անգամ ներքին շուկայում, բնական է, կրճատվելու է նաև իրացումը, ըստ այդմ՝ նաև աշխատատեղերը: Այս սոցիալական ծանր վիճակում սա լուրջ հարված է լինելու մեր երկրի՝ առանց այն էլ հյուծվող տնտեսության համար»:

Անդրադառնալով գազի գնի շուրջ մինչ այս տեղի ունեցած բանակցություններին, երբ փոխվարչապետի մակարդակով նաև հույս էին հայտնում, թե գազի գինը չի բարձրանա, Թ. Ավետիսյանը նախ հիշեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ տապալված բանբակցությունների մասին. «Երկու բանակցություններն էլ, ըստ էության, տապալված են, որովհետև փետրվարի 1-ից թանկանալու է նաև էլեկլտրաէներգիան: Իրականում նախորդ տարի նախընտրական փուլում փորձեցին հետաձգել այս ամենը՝ պայմանավորված զուտ իրենց քաղաքական, ներխմբային շահով: Մինչդեռ հետաձգման հետևանքները մեր ազգաբնակչությունը կրելու է այս տարվանից, որովհետև հետաձգված լինելն ամենևին չէր նշանակում, որ հարցերը լուծվել էին: Հիմա սակագնային բարձրացումը ողջ ծավալով է վրա հասնելու: Ես արդեն կանխատեսում եմ այն պոպուլիստական փաթեթավորումները, որոնք բերելու է օրվա իշխանությունը: Ասելու են՝ տեսեք՝ մինչև 10 հազար խմ սպառողների համար գազի սակագինը 4,5 տոկոսով նվազել է, բայց երբեք չեն խոսելու այն մասին, որ իրականում գազի այս սակագնի միջին բարձրացումը, որն, ի դեպ, իրենց ձախողված բանակցությունների արդյունքն է, ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը: Բացի այդ, ամենամեծ հարվածը ստանալու են այն խավերը, որոնք արդեն առանց այն էլ սոցիալապես խոցելի են»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց, որ 2022-ին չեն բարձրանալու սոցիալական նպաստները, կենսաթոշակները ևս հիմնականում նույնն են մնացել. «Նվազագույն աշխատավարձը, որն ստանում են աշխատող աղքատները, ևս չի բարձրանալու: Զուգահեռ՝ արդեն ոչ միայն ընդհանուր գներն են ավելանում, այլև այդ մարդկանց ամենօրյա ծախսերը՝ էլեկտրաէներգիայի, գազի, նաև արդեն թանկացած ջրի սակագնի տեսքով: Լուրջ սոցիալական հետևանք է ունենալու նաև սոցիալապես անապահով խավը, որի համար գազի սակագնի արտոնությունը վերանալու է, և որոնք 1խմ-ի համար 100-ի փոխարեն 133 դրամ են վճարելու: Միևնույն ժամանակ, բնակչության համար գազի սակագնի վերը նշված մի փոքր նվազումը, ըստ իս, պայմանավորված բնույթ է կրում, որ օրվա իշխանությունները գոնե խոսելու տեղ ունենան ու կարողանան ինչ-որ չափով կրկին մոլորեցնել հանրությանը:

Մեծ հաշվով, էլեկտրաէներգիայի, ջրի ու նաև գազի միանգամից թանկացումը տնտեսական, սոցիալական շատ լուրջ ու խորքային հետևանքներ է ունենալու: Գազի սակագնի բարձրացումը լրացուցիչ գնաճ է բերելու, հատկապես բարձրանալու են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Բացի այդ, նշյալ թանկացումն ապախթանիչ դեր է ունենալու տնտեսության հատկապես աշխատատար ճյուղերի համար, ինչպիսիք վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսություններն են: Ակնհայտորեն մրցունակության նվազում ենք ունենալու, որովհետև ծախսերն էապես բարձրանալու են: Ոչ մրցակցային դառնալու պատճառով տեղական արտադրողների՝ ներքին շուկաներից դուրս մղվելու հետևանքը լինելու է աշխատատեղերի կրճատումը, նաև պետական բյուջե հարկային մուտքերի նվազումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում