կարևոր
604 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-15 09:30

Վանեցյանը փոխել է Ալեն Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու իր որոշումը

Վանեցյանը փոխել է Ալեն Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու իր որոշումը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացրել է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։

Նշվում է, որ պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:

«Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում:

Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,-գրել է խոսնակը։

Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ:

Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:

Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու:

Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն:

Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:

Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»,- հայտնել է Հակոբյանը: