Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այսօր Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին նշում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը:
«Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա.Յու. Ռուդենկոն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռ. Ռուբինյանի և Մոսկվա ժամանած Ս. Քըլըչi հետ։ Անմիջական շփում է եղել նաև հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների միջև։
Կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» անցնելով պարզից բարդի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընդհանուր հայտարարի որոնումը, որը հիմք կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների և ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը ասուլիսում ասել էր, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։ «Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ այն հաջող կլինի»,- ընդգծել էր նա։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: