կարևոր
592 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 18:19

Կառավարությունից հավաստիացնում են՝ գազի գնի վերանայումը թափանցիկ կլինի

Կառավարությունից հավաստիացնում են՝ գազի գնի վերանայումը թափանցիկ կլինի

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է, որ սակագնի բարձրացման առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:

Հանձնաժողովը հայտնում է, որ երեկ հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Իր հերթին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը: Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը։

«Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»,-նշված է տարածված հաղորդագրությունում»,- հավաստիացնում են նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առաջարկել է 2022 թվականի ապրիլի 1-ից վերացնել սոցիալապես խոցելի ընտանիքներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։