կարևոր
745 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 17:57

Ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր Մասաչուսեթսի միջին և ավագ դպրոցներում

Ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր Մասաչուսեթսի միջին և ավագ դպրոցներում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր:

2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:

Օրինագիծը 12 տարվա հետևողական գործունեության արդյունք է: Այն նախագծել էր սենատոր Մայքլ Ռոդրիգեսը, որը սկզբնական փուլում ներառել էր միայն Հրեից ցեղասպանության պատմությունը: Սակայն, տեսնելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների վերաբերյալ ամերիկյան հասարակության անտեղյակությունը՝ ընդլայնում է օրինագիծը՝ ներառելով նաև 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները: Օրենքը նախատեսում է. «Հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով – ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված բռնություններով և Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով»:

Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը:

ԱՄՆ 19 նահանգ արդեն գործադրել է նման օրենքներ՝ կարևորելով ցեղասպանության, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների պատմության ուսուցումը՝ որպես մարդու իրավունքները հարգող, հանդուրժող և պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու նախապայման:

Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգային նախագահ Հերման Փուրությանը օրենքի ընդունման կապակցությամբ հայտնել է, որ, ծնված լինելով Ստամբուլում, գիտե, թե ինչ է նշանակում մեծանալ մի երկրում, որտեղ ոչ միայն ցեղասպանության մասին չի դասավանդվում, այլև այն ժխտվում է: 

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագիրը կրող (H.RES. 296) և Սենատի դեկտեմբերի 12-ի նույնաբովանդակ «Արտահայտելով Սենատի այն միտքը, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով» (S.Res.150) բանաձևերն ևս շեշտադրում են Հայոց ցեղասպանության կրթության անհրաժեշտությունը:

Երկու բանաձևն էլ այս կապակցությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է հայտարարում Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկումը: