կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 16:38

Հայ և թուրք բանագնացները համաձայնել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների. ԱԳՆ

Հայ և թուրք բանագնացները համաձայնել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների. ԱԳՆ

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»։ 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Ավելի վաղ Հունանյանը տեղեկացրել էր, որ Ռուբինյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը, սկսվել էր հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը: 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ:: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: