կարևոր
670 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 16:16

Ռուբինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Ռուբինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը11։00-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը, սկսվել է հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը: 

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ»,– գրել է Վահան Հունանյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ:: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: