կարևոր
1765 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 16:02

Քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և կբողոքարկվի. Հայ-ռուսական համալսարանի հայտարարությունը

Քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և կբողոքարկվի. Հայ-ռուսական համալսարանի հայտարարությունը

Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետը վստահեցնում է, որ բուհում քրգործ հարուցելու հիմքեր չկան։ Գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա Հայ-ռուսական համալսարանի դեմ քրեական գործի հարուցումն անիրավաչափ է, և բուհի կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյանը` արձագանքելով ՀՀ դատախազության երեկվա հայտարարությանը։

Երեկ ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է, որ իր դեմ արդեն հարուցել են կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ։ Նա նշել էր, որ գործն ամբողջությամբ պատվիրված ու հնարածին է, և դրանով ամեն գնով ուզում են հասնել իր հրաժարականին կամ պաշտոնանկությանը։

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել են ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և ՀՌՀ–ի գործունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր։ Դրանցում առկա են տվյալներ բուհում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ: Այս ամենը պարզելու հիմքով էլ քրգործ է հարուցվել։

«Հաղորդագրությունում նշված ՌԴ դատախազության կողմից ստացված «նյութերը» վերաբերում են Հայ-ռուսական համալսարանում 1 տարի առաջ կատարված երկու ստուգումներին ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից։ Դրա արդյունքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները համալսարանի կողմից վերացվել են»,–ասում է Բաղդասարյանը։

Ուստի, ըստ Բաղդասարյանի, զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:

Բաղդասարյանը հավելում է, որ ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ դատախազություն, ինչը հաստատում է Դարբինյանի գնահատականը՝ գործի պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:

«Շատ ավելի հետաքրքիր և երկարատև պատմություն ունի Ձեր կողմից նշված երկրորդ ստուգումը, մասնավորապես ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը: Տվյալ ստուգումը իրականացվել է նույնպես 2021 թվականին, որի վերջնական ակտը կազմվել  և ուղարկվել է Համալսարանին 12.03.2021թ.: Պետք է նշեմ, որ տվյալ ակտում ևս արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ: Ավելին, 29.03.2021 թվականին Համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ: Արդյունքում Համալսարանի և ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի միջև հաստատվել է միջոցառումների պլան, և, պարբերաբար, Համալսարանը նախարարության հետ համաձայնեցված շտկում է նշված պլանում առկա ոչ էական խախտումները: Տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և իրադարձությունների նման զարգացումը անտրամաբանական և անհասկանալի է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` մեզ համար տարակուսելի են Ձեր գրության մեջ տեղ գտած խախտումների որակումները: Պետք է նշեմ, որ նման, քրեական գործի հարուցման հիմքում հայտնված, իրականության հետ աղերս չունեցող որակումներ և խախտումներ փորձում էին ստուգման ընթացքում հրամցնել և զետեղել վերջնական ակտում հանձնաժողովի որոշ անդամներ, որոնցից մեկը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ամփոփելով` ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքին, որ գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա մեկ տարի անց քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և մեր կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով»:

Հիշեցնենք, որ Համալսարանում հնարավոր չարաշահումների դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրգործն ընդունվել է վարույթ, և նախաքննություն է սկսվել: