կարևոր
2215 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-14 15:11

Իրավապահները դեռ չեն պարզել մահացածի ինքնությունը. մանրամասներ երեկվա խոշոր հրդեհից

Իրավապահները դեռ չեն պարզել մահացածի ինքնությունը. մանրամասներ երեկվա խոշոր հրդեհից

Իրավապահները դեռ չեն պարզել մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Երևանի Արտաշիսյան փողոցում գազատար խողովակին բախված մեքենայի վարորդը 76–ամյա տղամարդ է եղել, որի վարելու իրավունքը կասեցված է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով երեկ տեղի ունեցած խոշոր հրդեհի մանրամասները։

«Նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին: Արդյունքում գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավվել են վարորդի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մահացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: