կարևոր
874 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 14:59

Վարդենիսի ավագանու ՔՊ-ականների հայցը մակագրվել է ապօրինի. փաստաբանը հիմնավորում է

Վարդենիսի ավագանու ՔՊ-ականների հայցը մակագրվել է ապօրինի. փաստաբանը հիմնավորում է

Վարդենիսի ավագանու ՔՊ-ական ավագանիները ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել ավագանու 30․12․2021թ․ նիստի թիվ 1 որոշումը և որպես հետևանք համայնքի ղեկավարի ընտրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը մանրամասնում է.

«11․01․2022թ. հրավիրված ասուլիսին նշել էինք դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ բազմաթիվ «տարօրինակությունների» մասին։

Այժմ ժամանակն է բացահայտել հերթական ապօրինությունը, որը վերաբերվում է «ձեռքով մակագրումների» այդքան քննարկվող թեմային, սակայն այս անգամ հստակ փաստով։

Այսպես, քպ-ական ավագանու անդամների հայցը Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի կողմից ընդունվել է վարույթ 10․01․2022թ․։ Փաստորեն, խոսքն ընտրական վեճով հատուկ վարույթի մասին չէ, որը քննվում է 5 դատավորի կազմով, այլ՝ հասարակ վարչական ակտի վիճարկման վարույթի, որը քննվում է միանձնյա։

Այսպես, ԲԴԽ 02.08.2018թ․ թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ի համաձայն՝ դատավոր Մերի Գևորգի Համբարձումյանի սպասարկման վարչական սահմանները չեն ընդգրկում ՀՀ Գեղարքունիքի մարզը։ Նշված մարզը սպասարկում է ՀՀ վարչական դատարանի մեկ այլ դատավոր, որին ըստ datalex.am տեղեկատվական համակարգում առկա գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մակագրվել են վարչական դատարանին ընդդատյա ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր վարչական վեճերը, այդ թվում՝ օրինակ նույն Վարդենիս համայնքի ավագանու մի որոշման վիճարկման վերաբերյալ։

Ստացվում է, որ Դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի կողմից նշված գործը Մերի Համբարձումյանին մակագրվել է վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի պահանջի խախտմամբ։ Այսինքն՝ ապօրինի կերպով։

Շարունակելի․․․»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։

Այնուհանդերձ, 2022 թվականի հունվարի 4-ին Վարդենիսի համայնքապետարանի շենքի առաջ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: