կարևոր
817 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 14:04

Առևանգված հովվին ռուս խաղաղապահները հանձնել են հայկական կողմին

Առևանգված հովվին ռուս խաղաղապահները հանձնել են հայկական կողմին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, ում երեկ ադրբեջանցիներն առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին:

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին», - ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:

Երեկ հայտնել էինք, որ ադրբեջանցիներն այսօր կեսօրին առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին՝ Սուրիկ Մաթևոսյանին և նրա ոչխարները: ՀՀ ՄԻՊ գրասենյակից էլ մանրամասնել էին, որ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: