կարևոր
448 դիտում, 4 օր առաջ - 2022-01-14 13:31

«Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին ծախսերի փոխհատուցումից. Աբգարյան

«Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին ծախսերի փոխհատուցումից. Աբգարյան

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին դեկտեմբերի ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցումից: Այս մասին գրում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Դեկտեմբերի 21-ի ավագանու լիագումար նիստը քաղաքական նպատակներով միտումնավոր տապալած «Իմ քայլը» ավելի վաղ նախագիծ էր բերել և անցկացրել, ըստ որի ավագանու անդամը չի ստանում տվյալ ամսին կատարված աշխատանքի համար ծախսերի փոխհատուցումը, եթե լիագումար նիստի նախագծերի 50%+ին չի քվեարկել:

Եթե հիշում եք, այդ նախագիծը իմ քննադատությանն էր արժանացել, քանի որ ավագանու աշխատանքը հավասարվում էր ընդամենը մեկ օր հարցերի կեսից ավելիին կոճակ սեղմելուն: Ինչպես ահազանգել էի, նախագիծը հարվածում էր ընդդիմության իրավունքներին՝ զրկելով բոյկոտի, որպես անհամաձայնության դրսևորման գործիքից օգտվելու հնարավորությունից:

Գործիք, որը Երևանի ավագանու դահլիճում կիրառեց հենց ինքը՝ իշխող ուժը:

Միտումնավոր տապալելով դեկտեմբերի 21-ի նիստը իշխող խմբակցությունը, բացառապես իր քաղաքական, կուսակցական շահերից ելնելով, իր բոյկոտի հետևանքներն այսպիսով հարկադրեց ավագանու մյուս անդամներին, որոնք ներկա էին դեկտեմբերի 21-ի նիստին (իրենց հիմնական աշխատանքի ժամերի հաշվին) և պատրաստ էին քննարկել օրակարգում ներառված նախագծերը:

Ավելին, կրկին «Իմ քայլը» քաղաքական նպատակների պատճառով դեկտեմբերին կայացել է երկու արտահերթ նիստ, որոնց կրկին մասնակցել են ավագանու ընդդիմադիր և անկախ անդամները ու կրկին իրենց վարձատրվող հիմնական աշխատանքի հաշվին:

Ավելորդ չէ հավելել, որ ավագանու անդամը (իրապես համայնքի շահի համար աշխատող, ոչ թե հրահանգավորված կոճակ սեղմող) ամսվա ընթացքում, բացի լիագումար նիստին ներկա լինելուց, կատարում է նաև այլ կարևոր աշխատանքներ՝ հանձնաժողովների կազմում աշխատանքից մինչև քաղաքացիների հարցով քաղաքապետարան և վարչական շրջաններ այցեր կատարելով և այլն:

Վերը շարադրածը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ավագանու անկախ և ընդդիմադիր անդամները հարկադրված են նյութական վնաս կրել բացառապես իշխող ուժի քաղաքական խնդիրների պատճառով:

Ուստի առաջարկում եմ նիստը տապալած «Իմ քայլը» խմբակցության ղեկավար պարոն Արմեն Գալջյանին, որը նաև չարաբաստիկ նախագծի հեղինակն էր, մտածել «Իմ քայլի» գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ավագանու անդամների փոխհատուցման մասին:

Եթե շատ դժվարանան, թող դիմեն իրենց կուսակից՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճար, 250 000 չափով «սուրճի փողի» փոխհատուցում ստացող ընկերներին»,- ամփոփում է Աբգարյանը: