ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«1. Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:
Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:
Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:
2. Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:
Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:
Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:
3. Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ. Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»,- եզրահանգում են պաշտպանները:
Հավելենք, որ ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան հունվարի 7-ին: Մեղադրյալների մեջ է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Իսկ հունվարի 3-ին, Տոնոյանը պատասխանել էր լրագրողների հարցումներին՝ նշելով. «Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար»: Տոնոյանը նաև նոր բացահայտումներ էր խոստացել:
Հիշեցնենք, որ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զինամթերքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով: