Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:
ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։