ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան տարվա առաջին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը: Նա վերահստատել է, որ Մոսկվան, ընդհանուր առմամբ, աջակցում է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն վաղը կայանալիք բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցի։
«Երկխոսությունը երկու երկրի միջև է, և, ինչպես հասկանում եք, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,- ասել է Զախարովան:
Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 14-ին Մոսկվայում։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով կրկին պատգամավոր է դարձել, ընտրվել ԱԺ փոխխոսնակ:
Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և հավելել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։