Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներից Ղազախստանից խաղաղապահների վերադարձը, որը սկսվել է հինգշաբթի, կավարտվի հունվարի 19-ին, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք հաստատել ենք զինվորականների փուլային դուրսբերման և Ղազախստանին պաշտպանության տակ գտնվող օբյեկտների տեղափոխման մասին որոշումը»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ այսօր՝ հունվարի 13-ին, կսկսվի խաղաղապահների վերադարձի գործընթացը։
Նա հավելել է, որ վաղը 14 ինքնաթիռով Ղազախստանից դուրս կբերվեն Հայաստանի, Տաջիկստանի և Բելառուսի խաղաղապահները։
«Ղրղըզ գործընկերները հեռանում են՝ հաշվի առնելով, որ մոտակայքում են, ինքնուրույն: Այնուհետև, հինգ օրվա ընթացքում, քանի որ օբյեկտները կփոխանցվեն, կիրականացվի մնացած խաղաղապահ ուժերի դուրսբերումը», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Պուտինն իր հերթին ասել է, որ ՀԱՊԿ կոնտինգենտը Ղազախստանում կատարել է իր խնդիրը, ժամանակն է, որ ռուս խաղաղապահները վերադառնան տուն։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Շոյգուին աշխատանքի համար, ինչպես նաև գլխավոր շտաբին և բոլոր նրանց, որոնք ղեկավարել են գործողությունը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ գլխավոր շտաբին, բոլոր նրանց, ովքեր ղեկավարել են գործողությունը, այս աշխատանքի համար և հույս հայտնել, որ մեր Զինված ուժերի օգտագործման այս պրակտիկան հետագայում կուսումնասիրվի, շտկումներ կարվեն, եթե դրանք արվելու են, գործնական աշխատանք»,- ասել է Պուտինը։
Պուտինը կարևորել է նաև այն, որ ՀԱՊԿ ուժերի օգնությամբ հնարավոր է եղել վերականգնել իրավիճակը Ղազախստանում, հայտնում է Ինտերֆաքսը։
«Իրականում սա ՀԱՊԿ ուժերի առաջին նման գործողությունն է, մենք միասին կատարել ենք մի շատ կարևոր խնդիր, որը թույլ կտա Ղազախստանի Հանրապետության ղեկավարությանը ազատ, հանգիստ ռեժիմով լուծել սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները։ հասարակության հետ երկխոսության մեջ, սա շատ կարևոր է»,- ասել է Պուտինը։