Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքն անհետացել են։ Երեկ մեր թիմակիցները գնացել էին համայնքապետարան, որ վերցնեն համայնքապետի սենյակի բանալին, սակայն աշխատասենյակի դուռը փակ է եղել։ Չկան՝ ո՛չ բանալին, ո՛չ կնիքը․ Yerkir.am-ին հայտնել է Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
«Փաստն այն է, որ Վարդենիսի նախկին ղեկավարությունը խոչընդոտում է ոչ միայն ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մուտքն իր աշխատավայր, այլեւ ընտրված ավագանու: Խնդիրն այն է, որ խոշորացված Վարդենիսի կազմում գտնվող բոլոր այն գյուղերը, որոնցում պետք է տեղի ունենար հաստիքների փոփոխություն, նոր աշխատակազմի ձեւավորում՝ այդ գործընթացն էլ չի կատարվում։ Տապալվել է ամբողջ Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը։ Իսկական քաոս է։ Մենք չգիտենք, թե, օրինակ, Գեղամասարի կամ Ծովակի համայնքապետի լիազորությունները դադարեցվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասաց Շահնազարյանը։
Նա նշեց, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալու եւ կնիքի անհետացման առնչությամբ գրավոր դիմել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ որպես պաշտոնատար անձի, եւ պահանջել՝ հանձնման եւ ընդունման ակտերով տրամադրել կնիքը, աշխատասենյակի բանալիները:
«Մինչեւ այս պահը մենք դեռ չգիտենք, թե ում մոտ են համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը: Մենք չգիտենք, թե ինչ գործողություններ կարող են արվել այդ կնիքով»,- ասաց Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։
Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։
Այնուհանդերձ, 2022 թվականի հունվարի 4-ին Վարդենիսի համայնքապետարանի շենքի առաջ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: