կարևոր
2260 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-13 13:26

Փաշինյանի ելույթի զրպարտչական լինելու հիմքը հասկանալու համար դատարանը հետաձգեց նիստը

Փաշինյանի ելույթի զրպարտչական լինելու հիմքը հասկանալու համար դատարանը հետաձգեց նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է․ «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է․․․»:

Սակայն դատավորին և Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանին պարզ չէր, այդ խոսքերը Փաշինյանն ասել է որպես վարչապե՞տ, թե՞ պարզապես ֆիզիկական անձ։ Պաշտպան Ալումյանը կրկին պնդեց, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Հանրահաքին եկածները շատ լավ գիտեին, որ այդ անձը երկրի վարչապետն է, ոչ թե շարքային ֆիզիկական անձ։ Բացի այդ, Փաշինյանի ելույթի տեսագրությունը տեղադրվել է ՀՀ վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական հարթակներում։

Փաշինյանի ներկայացուցիչը չէր հասկանում, թե պաշտոնական հարթակներում, օրինակ, յութուբյան ալիքում կոնկրետ ի՞նչ է տեղադրված՝ ելույթի ամբողջակա՞ն տեքստը, հատվածները թե՞տեսագրությունը։ Բացի այդ, Հունանյանի համար հասկանալի չէր՝ Փաշինյանի ամբո՞ղջ ելույթն է զրպարտչական, թե՝ որոշ հատվածներ։ Ի վերջո, նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա իր վստահորդի ամբողջ ելույթն ուսումնասիրել և դիրքորոշում հայտնել։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, նշելով, որ հայցադիմումի մեջ առանց այդ էլ ամեն ինչ պարզ գրված է։

Գործով նախագահող դատավորը բավարարեց միջնորդությունը, նշելով, որ Հունանյանին պետք է հնարավորություն տալ առարկություններ ներկայացնել դատարան, այն պատճառաբանությամբ, որ հայցի հիմքն ու առարկան պարզելու ընթացքում իր և դատարանի համար պարզ դարձավ, որ հայցվոր կողմը զրպարտություն է դիտարկում հայցում ներկայացված Փաշինյանի ամբողջ ելույթը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 11։00-ին։