Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ հունվարի 13-ին, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը։
Նիստին դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը։
Հունվարի 10-ի նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել։ Ալումյանը հայտնել էր, որ դեռևս նախորդ դատական նիստին բացարկի միջնորդություն է ներկայացվել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործը դատավորին մակագրվել է դատարանի նախագահի կողմից, ոչ թե՝ օրենքով սահմանված էլեկտրոնային մակագրմամբ, որը սակայն մերժվել է։ Ըստ նրա՝ դատարանը կանխակալ մոտեցում ունի սույն գործով կողմերից մեկի՝ վարչապետի նկատմամբ. «Որը դրսեւորվում է նրա նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով։ Այսինքն՝ ոնց որ թե ձեզ համար անքննելի են իր արածները»։
«Դատավորն ամեն ինչի գնաց, այդ թվում՝ օրենքի աղավաղման, որ արդարացնի լիազորագրի բովանդակությունը։ Համարում ենք, որ եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտմամբ տրված լիազորագիրն ընդունում ՝ աղավաղելով օրենքը, ապա ինքը չի կարող այս գործով օբյեկտիվ ձևով որոշում կայացնել»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ այս գործով շատ ավելի լուրջ հարց է քննարկվում, քան՝ լիազորագրի ընդունման հարցը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից զրպարտչական արտահայտություններ, ինչպես նաև՝ ՀՀ-ի անունից Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու հարցը։
Ալումյանի խոսքով՝ այն դատավորը, որը չի համարձակվում չընդունել ակնհայտ ապօրինի լիազորագիրը, որովհետև դրա տակ դրված է վարչապետի ստորագրությունը, չի կարող վճիռ կայացնել՝ ընդդեմ նույն անձի։
Նախորդ դատական նիստին, որն, ի դեպ, դռնբաց էր, բայց Փաշինյանի ներկայացուցչի պնդմամբ, չի տեսանկարահանվել, քննարկվել է նաև Փաշինյանի ներկայացուցչի լիազորագրի ընդունման-չընդունման հարցը, քանի որ լիազորագիրը, ըստ Ալումյանի, ներկայացվել է ակնհայտ խախտմամբ, ինչն էլ հիմք է դարձել բացարկի նոր միջնորդություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։