կարևոր
697 դիտում, 6 օր առաջ - 2022-01-13 11:07

Մի ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները. Ոստիկանությունը զգուշացնում է

Մի ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները. Ոստիկանությունը զգուշացնում է

Հանցագործության զոհ  չդառնալու համար ոստիկանությունը հորդորում է  ֆինանսական գործարքներ կատարել միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։

«Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։

Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում»,-մանրմասնում են ոստիկանությունից։

Հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։ Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր։

Քաղաքացին հավատալով այս ամենին՝ ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։

Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է իբր էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած` ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա` կանխիկացնում։

Ոստիկանությունից  ներկայացնում են խարդախության մեկ այլ եղանակ։

«Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում` գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացում տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը։

Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ 

Հարգելի՜ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՜ հավատացեք ու մի՜ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները»,-նշում են ոստիկանությունից։