Հունվարի 11-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշվում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության`հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Ավելի վաղ ՊՆ-ից հաղորդել էին, որ այսօր, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։