կարևոր
784 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-11 21:02

Էդմոն Մարուքյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է

Էդմոն Մարուքյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Վանաձոր համայնքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։  

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։ 

Հետեւաբար կարելի է արձանագրել, որ այլեւս ավագանու նիստ հրավիրելու եւ համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ եւ արգելք չկա։ ՏԻՄ չձեւավորելու հետեւանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։
 Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձեւավորմանը եւ բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից»,– նշված է  դաշինքի տարածված հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, սակայն այն չկայացավ: Դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում էր, որ նիստն իրավազոր չէ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին բաշխվել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամի մանդատները։ 33 անդամից 4-ը ինքնաբացարկ է ներկայացրել։ ՔՊ-ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է։

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։