կարևոր
793 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-11 18:08

Շախմատի Հայաստանի առաջնությունները մեկնարկում են հունվարի 12-ից

Շախմատի Հայաստանի առաջնությունները մեկնարկում են հունվարի 12-ից

Շախմատի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, իսկ մրցումների մեկնարկը կտրվի հունվարի 12-ին: Մրցաշարը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և կտևի մինչև հունվարի 23-ը:

Մրցաշարերի գլխավոր մրցավարները նախ ներկայացրին դրանց կանոնակարգը։ Կանանց թվով 77-րդ առաջնությանը կմասնակցի 10 շախմատիստուհի՝ Մարիամ Մկրտչյանը,  Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը: Առաջնության հաղթողը կընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում։ Սահմանված է միջազգային վարպետի նորմա՝ 7,5 միավոր։

Տղամարդկանց առաջնությունն անցկացվելու է 82-րդ անգամ։ Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը: Այստեղ կորոշվի ոչ միայն հաղթողը, այլև Հայաստանի հավաքականի ևս մեկ անդամ։ Սահմանված է գրոսմայստերական նորմա՝ 6 միավոր։

2021-ի Հայաստանի չեմպիոններն են Հովհաննես Գաբուզյանն ու Սուսաննա Գաբոյանը:

Ինչպես տեղեկացրեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը, տղամարդկանց առաջնությունն առաջին անգամ կհեռարձակվի յութուբյան ալիքով։ Պարտիաները կմեկնաբանի 2021թ Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանը։

Այսօր տեղի ունեցան նաև առաջնությունների վիճակահանությունը, որի օգնությամբ որոշվեցին տուրերի զույգերը։ Վաղը կայանալիք տղամարդկանց առաջնության 1-ին տուրում միմյանց հետ կհանդիպեն փորձառու Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև վերջերս Վարշավայում կայացած արագ շախմատի առաջնության մասնակիցներ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ․ Պետրոսյանը։