Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։,- նշվում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նույն ուղղությամբ Ադրբեջանական զինուժը հունվարի 8-ի առավոտյան կրակել էր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ, ինչի արդյունքում փոխհրաձգություն էր սկսվել:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։