կարևոր
2263 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 15:03

Թալին համայնքի ավագանու երկրորդ նիստը տեղի չունեցավ

Թալին համայնքի ավագանու երկրորդ նիստը տեղի չունեցավ

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 11-ին օրենքի ուժով հրավիրված Թալին խոշորացված համայնքի ավագանու երկրորդ նիստը տեղի չունեցավ՝ ընդդիմադիր խմբակցությունների նիստին չներկայանալու պատճառով։ 

Թալին խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանը գրառմամբ մեղադրել է ավագանու ընդդիմադիր անդամներին սաբոտաժի մեջ: «Չենք պատրաստվում հանդուրժել այս սաբոտաժը։ Մենք տեր ենք կանգնում մեր քվեներին և պայքարում ենք ի բարօրություն ողջ համայնքի»։

Համայնքի ղեկավարը պետք է ունենա ավագանու կազմի մեծամասնության աջակցությունը, հակառակ դեպքում չի կարող իր աշխատանքն իրականացնել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալինի համայնքի «Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանն էլ ներկայացրել է նիստին չներկայանալու պատճառները։

«Նիստերը համարում ենք անօրինական, այդ իսկ պատճառով չենք ներկայացել նիստին։ Կա պարզ թվաբանություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 10 մանդատ, իսկ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունները միասին ունեն 11 մանդատ։ Համայնքի ղեկավարը պետք է ունենա մեծամասնություն, որ կարողանա ղեկավարել ավագանու կազմը։ Զոռով, մարդկանց ահաբեկելով հնարավոր չէ հինգ տարի աշխատել։ Եթե մեծամասնություն չունեն, ուրեմն՝ պետք է հասկանան, որ համայնքի ամեն օրը փչացնում են, որովհետև համայնքի համար որևէ աշխատանք չեն կարողանում իրականացնել։ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանությունն ասում էր՝ եթե համայնքի ղեկավարը մեծամասնություն չունի, ո՞նց է համայնքը ղեկավարելու, հիմա, եթե Թալինի համայնքապետը մեծամասնություն չունի, ո՞նց է համայնք ղեկավարելու»,- նշել է նա։ 

Մնացականյանը բացառել է, որ իրենք ինքնաբացարկի դիմում կներկայացնեն։ «Մարդիկ հենց այնպես մեզ ձայն չեն տվել, տվել են, որ իրենց մատից փուշ հանենք։ Սա շատ սխալ մեթոդ եմ համարում, թուլակամ մարդու քայլ է մանդատ վայր դնելը»,- ասաց Մնացականյանը։

Թալինի 21 հոգանոց ավագանիում ՔՊ-ն ունի 10 ձայն, սակայն ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին է քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէ ավագանու նիստ հրավիրելու համար: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալինում «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնք» խմբակցությունների 10 անդամ դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանին ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հիմնավորումն այն է, որ Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից, մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի թեկնածուն կարող էր առաջադրվել միայն ՏԻՄ ընտրությանը մասնակից խմբակցության կողմից: ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, դեկտեմբերի 26-ին մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Թալինում կայացած ՏԻմ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։ Սակայն նարընտիր ավագանու առաջին նիստին Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել և իր ձայնը տվել էր ՔՊ-ական Տավրոս Սափեյանին: Քվեարկության արդյունքում, Տավրոս Սափեյանն ստացել էր 11 կողմ ձայն, իսկ ընդդիմադիրների մյուս թեկնածուն՝ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Ընդդիմադիրներ խմբակցությունները, սակայն դատարան են դիմել՝ անվավեր ճանաճելու Տավրոս Սափեյանի ընտրությունը: