կարևոր
2803 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 13:57

Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է. լրատվամիջոցը դիմում է դատախազությանը

Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է. լրատվամիջոցը դիմում է դատախազությանը

«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է  Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված տեղեկության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: 

Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել մարզպետարան, կառավարություն, նախարարություն՝ պարզելու մարզպետի կրթությունը, դրա հիմքերը, տարեթվերը:  արդյունքում 

Նախ Սյունիքի մարզպետարանից գրավոր հարցմանը պատասխանել են, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը: Կառավարությունից էլ կրկին ուղղորդել են Սյունիքի մարզպետարան, թե ուզեք այն մարմնից, որ մարմնում, որ աշխատում է ձեզ հետաքրքրող անձը։

Yerevan.Today-ը նորից դիմեց Սյունիքի մարզպետարան։ Ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։

Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվել է մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվեց նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։

Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը, գործունեության ժամանակ՝ ըստ տարիների, Ի՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել և ե՞րբ է փակվել և ինչ պատճառով է փակվել, արդյո՞ք այդ բուհի տված դիպլոմը համարվում է պետական նմուշի փաստթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն և՝ արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։

Պատասխանը խիստ ուշագրավ էր։ Եվ այսպես․

«Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը (Ա/Կ) 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ N 61, 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր՝ N 98։

Ստացվում է՝ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։

Այսինքն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս կեղծ է, ինչպես որ կեղծ է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը։

Ի դեպ, եթե անգամ փաստաթուղթը կեղծ չլիներ, միևնույն է՝ չէր կարող համարվել բարձրագույն կրթության պատշաճ վկայական, քանի որ բուհն այդ տարիներին հավատարմագրում չի ունեցել, իսկ Հայաստանի պետական հաստատություններում անցողիկ է համարվում այն դիպլոմը, որը տրվել է հավատարմագրված ԲՈւՀ-ի կողմից։

«Այս դեպքում գործ ունենք ակնհայտ հանցագործության հետ և սա պետք է ստանա իրավական գնահատական, թե անօրինական նշանակվողի մասով, թե նրան նշանակողի՝ այսինքն կառավարության։ Դիմում ենք դատախազությանը և այն իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր են զբաղվել հանցագործություն կատարած անձանցով։ Արագածոտնի մարզպետի վերաբերյալ մեր բացահայտումից անցել է արդեն մեկուկես ամիս, և գործը տեղից չի շարժվում, հնարավոր է, որ մտածում են բավարարվել մարզպետի պաշտոնանկությամբ։ Սակայն սա միայն պաշտոնանկության հարց չէ, խոսքը կոնկրետ քրեական հանցագործության մասին է։

Ստացվում է՝ մարդը, չունենալով դրա իրավունքը, նշանակվել է մարզպետ, ուղիղ 13 ամիս է՝ կայացնում է ապօրինի որոշումներ, օգտվում է պետական բյուջեից, տիրապետում է պետական ու ծառայողական գաղտնիքի։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որևէ որոշում փաստացի օրինական չէ։

Փաստացի, Yerevan.Today-ի արդեն երկրորդ բացահայտումը վկայում է, որ ապօրինությունների արդյունքում, օրենքներ շրջանցելով, մեր երկրում նշանակում են բարձր պաշտոնների», ամփոփում է լրատվամիջոցը։