կարևոր
1873 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-11 13:38

Մելքոնյան Գագիկին ասեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, Վաղարշակ Հարությունյանն է ստորագրել. Գեղամ Մանուկյան

Մելքոնյան Գագիկին ասեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, Վաղարշակ Հարությունյանն է ստորագրել. Գեղամ Մանուկյան

2020թ-ի դեկտեմբերին Սյունիքի ճանապարհն ադրբեջանական կողմին զիջելու հրամանը ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` պնդելով, որ հրամանը եղել է գրավոր ու փաստաթուղթն էլ պահվում է ՊՆ–ում։

«Մի քանի շաբաթ առաջ, բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների 1 տարվա պնդման, Սյունիքում ՀՀ ԶՈւ-ն հետ են քաշել և Գորիս–Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածույունների, ինչ–որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի դավադիր հուշագրի ստորագրման հիման վրա»,– ասաց Մանուկյանը։

Նա նաև հիշեցրեց, որ իր այդ հայտարարությունից հետո Գագիկ Մելքոնյանն ասել էր, որ երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից է Մանուկյանը ստացել այդ փաստաթուղթը։

«Պարո՛ն Սարգսյան, խնդրւմ եմ, Մելքոնյան Գագիկին ասեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը` արդեն դեսպան, ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, մի տարի ասել են, որ բանավոր է, վերջում պարզվում է, որ լավ էլ գրավոր է»,-Գեղամ Մանուկյանը դիմեց նիստին ներկա ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։

Հիշեցնենք, որ 2021թ-ի դեկտեմբերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Գեղամ Մանուկյանի հրավիրված մամուլի ասուլիսին պատգամավորները ներկայացրին մեկ տարի շարունակ ուղարկված հարցումների պատասխանները և դրանց հիման վրա արված բացահայտումները: Նրանք հարցումներ էին ուղարկել կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, Գլխավոր շտաբ և այլ կառույցներ՝ պարզելու՝ ի վերջո, ինչ պայմանավորվածությունների՝ գրավոր կամ բանավոր, հիման վրա մեկ տարի առաջ Սյունիքում ետ են քաշվել հայկական զինված ուժերը, մոտ 20 կմ ադրբեջանական զորքերը առաջ են եկել ՀՀ ինքնիշխան տարածք, ինչո՞ւ է ռազմակավարական մայրուղու մի հատվածն անցել ադրբեջանական վերահսկողության տակ:

«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ Գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակել։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել. Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Աննա Գրիգորյանն ասաց նաև, որ փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

Այսպիսով, իշխանությունը մեկ տարի շարունակ հասարակությունից թաքուն է պահել, հարցումներին հրաժարվել է պատասխանել, թե ինչի հիման վրա են Սյունիքում հայկական զորքերը հետ քաշվել: