կարևոր
2116 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-11 13:23

Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ. Արթուր Խաչատրյան

Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ. Արթուր Խաչատրյան

Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հունվարի 1-ից 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը իրականացնել անկանխիկ ձևով, նույն եղանակով անել նաև ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումը: Գրավատների դեպքում առաջարկվում է սահմանել 80,000 դրամի շեմը:

Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը:

Օրենքի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև՝ 300,000 դրամը գերազանցող վճարման և վճարման ստացման բոլոր գործարքները ևս իրականացնել անկանխիկ ձևով:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով:

«Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը:

«Ես հասկանում եմ, որ որոշ, գործարքների մասով օրենքի նպատակը ստվերի կրճատումն է, բայց օրինակ եղբորից եղբորը բանկի միջոցով փոխառություն տրամադրելու տրամաբանությունն ես ընդհանրապես չեմ հասկանում, հատկապես, որ դժվար է հիմնավորել, թե այն փոխառություն է թե նվեր»,- նկատեց պատգամավորը և օրինակ բերեց.«Այսօր ես քո ընկերն եմ և նվեր գումար եմ տվել, իսկ վաղը թշնամացանք ու ընկերս վերադարձրեց այդ գումարը, դե գնա ապացուցի, որ այն ոչ թե նվեր էր այլ փոխառություն»:

Խաչատրյանի խոսքով՝ կան ոչ միայն ֆինանսական խնդիրենր, այլ վերահսկողության հիմնահարց, և օրենքի շատ հոդվածներ ստվերի հետ որևէ առնչություն չունեն: Նա անընդունելի համարեց նաև գրավատների դեպքում 80 հազարից բարձր գումարների անկանխիկ հատկացնելու դրույթը:

«Շուկայի կենտրոնացման միտում եմ տեսնում, այն ակնհայտ բանկային լոբբինգի դրսևորում է, որը բազմաթիվ անգամ հետաձգվել է և հիմա չգիտես ինչու կրկին մտցվել է օրակարգ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պնդեց, թե դժվար է պատկերացնում, որ բանկային հաշիվ ունեցող քաղաքացին ցանկանա 300 հազարը գերազանցող գործարքները կանխիկով անել և պնդեց, որ այդ հարցը լուծված է համարում:
Հանձնաժողովը ՔՊ պատգամավորների քվեարկությամբ դրական եզրակացություն տրվեց օրենքի նախագծին: