կարևոր
1633 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-11 12:52

Էրդողանը ստորագրել է  Սերդար Քըլըչին նշանակելու հրամանը

Էրդողանը ստորագրել է  Սերդար Քըլըչին նշանակելու հրամանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է  Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու մասին հրամանը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:

«Հաստատել Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում:

Քըլըչի նշանակման մասին դեռ 2021 թվականի դեկտեմբերին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը: Արաբական Միացյալ Էմիրություններում լրագրողների հետ զրույցում Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ վերջերս երկու կողմերից էլ դրական հայտարարություններ են արվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա։ «Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլեր ենք անում: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Դրանք դրական բաներ են, որոնք բոլորիս օգուտ կտան», - ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Քըլըչը կադրային դիվանագետ է, ծառայության մեջ է 1984 թվականից։  Նա 2008-2010 թվականներին եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը, 2012-2014 թվականներին՝ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը, իսկ 2014-2021 թվականներին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Բացի այդ, 2012-2014 թվականներին Քըլըչը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ նա ամեն ինչ արել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, համարել է այն անհիմն մեղադրանք։ 

Այս գործընթացում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ է նշանակված ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը: Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Հատկանշական է 2019 հունիսին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբինյանի սկանդալային քվեարկությունը. ԵԽԽՎ-ում, իր խոսքով, պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել: Ազգային ժողովի նախագահի տեղակալն է:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: