կարևոր
2047 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-11 12:25

Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ թափուր կմնա. ՔՊ-ն առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգը

Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ թափուր կմնա. ՔՊ-ն առաջարկում է փոխել ԱԺ կանոնակարգը

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հունվարի 11-ի օրակարգի երկրորդ հարցն էր նաև նախագահի տեղակալի ընտրությունը:

Հարցի քննարկումից առաջ ընդդիմադիր անդամները կրկին լքեցին նիստը՝ թողնելով հարցի քննարկումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայեցողությանը: 

Նիստին ներկա ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը՝ նշելով, որ թեկնածուի առաջադրման իրավունքը չնայած համարում են, որ անցել է ՔՊ-ին, սակայն իշխող խմբակցությունը թեկնածու չի առաջադրում:

Զուգահեռաբար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրինագծի նախագիծ, որով ԱԺ մեծամասնությունը որոշել է լուծել ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի` ընդդիմությանը պատկանող պաշտոնում թեկնածուի ընտրության` արդեն շուրջ կես տարի ձգձգվող խնդիրը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկող փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս՝ Գաբրիելյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգով նախատեսվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իրականացնել հանձնաժողովի ձևավորումից հետո 5 օրվա ընթացքում։ Իսկ թե ինչ է լինում, երբ հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում, նրա խոսքով, օրենքը չի հստակեցնում։ «Օրենքը պրակտիկ կիրառման մեջ ցույց է տվել, որ այս մասով բաց ունի»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` այսօր այդ խնդրին է բախվել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բայց բացառված չէ, որ վաղն այդ նույն խնդիրը կարող է ծագել ԱԺ ցանկացած այլ հանձնաժողովում։

«Նախագիծն այն մասին չէ, որ ես ուզում եմ Դոնթի բանաձևով ձեզ տրամադրված տեղակալի տեղը այսպես ասած, կներեք արտահայտությանս համար, ձեզանից խլել։ Այդ տեղը, այո, ձերն է։ Ես ուղղակի ուզում եմ, որ առաջիկայում նման կազուս այլևս տեղի չունենա, մենք այս հարցը կարգավորենք»,– ասաց Գաբրիելյանը` դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց, որ առաջարկվող փոփոխությամբ ընդդիմությունը չի զրկվում նոր թեկնածու առաջադրելու իրավունքից։

«Նախագծով որևէ տեղ, որևէ եղանակով, որևիցե մեկնաբանության պարագայում չի ասվում, որ եթե մարդը չի ընտրվել, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա հավերժ, հավիտենական այլևս չի կարող առաջադրվել այդ պաշտոնում։ Ո՛չ, ասվում է հետևյալը` չընտրվելու պարագայում ներկայացվում է նոր թեկնածու»,– ասաց Վարդանյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունների կարգը: Գործող կարգավորմամբ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու: Օրենքով հստակ կարգավորված չէ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:

Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, որով եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդեւանյանը եւ Աննա Մկրտչյանն առաջարկվող կարգավորմանը դեմ են արտահայտվել՝ դա համարելով ոչ ժողովրդավարական քայլ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Դոնթի բանաձեւը պահպանվելու է, քանի որ այն խորհրդարանական ժողովրդավարարության կարեւորագույն գրավականներից է:

Քննարկման ավարտին հանձնաժողովը 3 դեմ, 7 կողմ ձայներով հավանություն տվեց նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։

Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին։

Հանձնաժողովի` դեկտեմբերի 14-ի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։ Մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 21-ին, Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել, բայց իրենք բարի կամք են դրսևորում` ընդդիմությանը նորից հնարավորություն տալով կոնսենսուսի գալ իշխող ուժի հետ ու նոր թեկնածու առաջադրել։ «Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասել էր նա։

Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում էր ԱԺ Կանոնակարգ օրենքին, որով հանձնաժողովի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։