կարևոր
1759 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-10 21:16

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը: 

«Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։

Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։