կարևոր
1462 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-10 18:22

Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականը դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականը դատապարտվեց 5 տարի ազատազրկման

Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական դատավճիռը, համաձայն որի՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից միայն մեկի վերաբերյալ դրվագն է անջատվել և ուղարկվել դատարան, որը գտնվում էր դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում։