ԿԸՀ-ն արտահերթ նիստում որոշեց, որ Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 27-ին։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
«Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը:
Նույն նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տրվել է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Արմեն Սուրենի Մանուկյանին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Նույն որոշմամբ սահմանվել է.
«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է նշանակի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ պարտադրելով նոր ընտրություններ: