կարևոր
1765 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-10 18:11

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան հունվարի 7-ին: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Մեղադրյալների մեջ է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 07-ին ըստ էության քննելու համար հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- հայտնում է Աբրահամյանը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

«Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն»,- հայտնում են դատախազությունից: Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել ու կողմերին ժամանակ տրամադրվել՝ նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։

Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով: