կարևոր
544 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-10 17:55

Կառավարությունում քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը

Կառավարությունում քննարկել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը

Կառավարությունում այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը:

Այն ներկայացրել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:

Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:

Արծարծվել են ֆինանսավորման մեխանիզմներին և աղբյուրներին, բնակչության խմբերի որոշմանը, ապահովագրավճարի չափին և հավաքագրմանը, ծառայությունների որակի չափանիշներին, ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկմանը և ծախսարդյունավետությանը, սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովմանը, ներդրման ռիսկերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման: Նշվում է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ: