կարևոր
559 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-10 17:42

Արման Թաթոյանը քննարկել է Ղազախստանում հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Արման Թաթոյանը քննարկել է Ղազախստանում հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։

Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել Էլվիրա Ազիմովայի հետ, և Ղազախստանի գործընկերն այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել լիարժեք աջակցություն անհրաժեշտ ցանկացած դեպքում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժածների թվում այս պահին ՀՀ քաղաքացիներ չկան։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ նշել էր, որ այս պահի դրությամբ մտադրություն չկա Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին: