կարևոր
1990 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 17:33

«Ապրելու երկիր»-ը դատարանում կվիճարկի Փարաքարի ավագանու նիստի օրինականությունը

«Ապրելու երկիր»-ը դատարանում կվիճարկի Փարաքարի ավագանու նիստի օրինականությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունը կդիմի դատարան՝ վիճարկելու Փարաքարում հունվարի 9-ին տեղի ունեցած ավագանու նիստի իրավազորությունը:

Տևական ժամանակ տարաձայնություններից հետո երեկ Փարաքարում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Դավիթ Մինասյանը, որի թեկնածությունն առաջադրել էին ավագանու «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Նիստի ժամանակ Դավիթ Մինասյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարվա կառավարումը կիսելու է ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։ Մինչ այդ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել էր, որ ավագանու իրենց անդամները մանդատները վայր են դրել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստվում են դատարանում վիճարկել երեկվա նիստի օրինականությունը.

«Հարցը կլուծվի օրենքի դաշտում: Երեկվա նիստն անօրինական էր՝ իր արդյունքներից սկսած, այդ նիստը չէր համապատասխանում օրենքի որևէ դրույթի, հնարավոր է դիմենք դատարան՝ Փարաքարում երեկ տեղի ունեցած նիստի իրավազորությունը վիճարկելու համար»,-ասաց Վալոդյա Գրիգորյանը և միևնույն ժամանակ ընդգծեց՝ դատարանի որոշումները միշտ չէ, որ արդարացված են լինում.

«Ես սա կարող եմ ասել դատարանի նախորդ վճռից, որը անվավեր էր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները, որոշումը ինձ չի գոհացրել»,-ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» խմբակցության անդամների կողմից մանդատները վայր դնելուն, ապա, ըստ Վալոդյա Գրիգորյանի՝ այլ տարբերակ չկար համերաշխությունը վերականգնելու համար.

«Այդ պահին ճիշտ որոշումը դա էր, որպեսզի համերաշխությունը վերականգնվել»:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ավագանու նիստին Դավիթ Մինասյան դաշինքին աջակցություն հայտնեց ՔՊ-ն, և 11 կողմ ձայնով համայնքապետ ընտրեցին Դավիթ Մինասյանին: Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարին «Դավիթ Մինասյան» դաշինքը և ՔՊ-ն համատեղ կկառավարեն համայնքը, համապատասխանաբար դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը և ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համամասնորեն կկիսեն համայնքի կառավարումը: 

Վալոդյա Գրիգորյանը պարզաբանեց, որ համաձայնության չեն եկել համատեղ կառավարման հերթականության բաշխման հետ կապված.

«Համատեղ կառավարման նպատակը արդարության սկզբունքը պահպանելն էր իսկ դրա համար պետք էր, որ շատ ձայն հավաքած թեկնածուն առաջինը ղեկավարի, իրենից պետք է սկսվեր կառավարումը, ոչ թե վերջինից կամ նախավերջինից: Ես առհասարակ դեմ էի համատեղ կառավարմանը, բայց որպեսզի համերաշխությունը ձևավորվի, ես համաձայնվեցի»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն:

Փարաքարի ավագանու երեկվա նիստին ներկա էին նաև ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Սարգսյանը: Վալոդյա Գրիգորյանը տեղյակ չէ՝ ինչ էին անում Հայկ Սարգսյանն ու Վահագն Ալեքսանյանը Փարաքարում։

«Չկա ինչ-որ մեկը, որի ներկայությունը կարող է ինձ կաշկանդել կամ ինձ մոտ տրամադրություն փոխել»,-ասաց նա: