կարևոր
1510 դիտում, 10 ամիս առաջ - 2022-01-10 17:27

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ Ղազախստանի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցել են անդամակցող երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, որոնք քննարկել են Ղազախստանում ստեղծված իրադրությունը:

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում 100 զինվորականներ է ուղարկել Ղազախստան: