Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:
«Իրականում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանական զինուժն այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան: