կարևոր
517 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-01-10 15:19

Զարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 10-ին, մերժեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումն ընդունվել է միաձայն։

«Ինձ համար ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր: Ես պատրաստ էի ամեն ելքի։ Շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց միաձայն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանը։ Նա նշեց, որ կցանկանար, որ այսուհետ արդարադատության նախարարությունը ավելի մեծ ջանք գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս և ոչ թե քանակության վրա շեշտը դնի։

«Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձանց հեռացնելը համակարգից։ Ես լիահույս եմ, որ դատական իշխանության ներկայացուցիչները՝ իմ բոլոր գործընկերները, տեսնելով այս վարույթը, կլցվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի, պատրաստակամ կլինեն, կշարունակեն գործել»,- նշեց Նախշքարյանը։

«Զարուհի Նախշքարյանը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր, նա օբյեկտիվ չափանիշներով բավական մեծ հեղինակություն ունի մասնագիտական հանրության մեջ։ Եզրափակիչ մասը մեզ բավարարեց, բայց Ջհանգիրյանը հրապարակեց մի դրույթ, որը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ որոշման մեջ արձանագրված է, որ խախտում եղել է, բայց այն իր բնույթով այնպիսին չէ, որ հեղինակազրկած լինի դատական իշխանությանը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը «դժգոհ» է մնացել և հաղորդում ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։