կարևոր
3115 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 14:29

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ղազախստան զորք ուղարկելու վերաբերյալ համատեղ նիստ հրավիրել

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ղազախստան զորք ուղարկելու վերաբերյալ համատեղ նիստ հրավիրել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նամակ է ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին՝ ՀԱՊԿ կազմում ՀՀ զինված ուժեր Ղազխաստան ուղարկելու առնչությամբ համատեղ նիստ անցկացնելու առաջարկով:

«Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսոկղություն իրականացնելու նպատակով»,- նշված է նամակում՞: 

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, հանրային մեծ հետաքրքրվածությունը և հրատապությունը՝ ակնկալվում է, որ առաջարկը կքննարկվի այսօր: Աշխատանքային քննարկման պատասխանատուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է: Մեզ հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում հանձնաժողովների նախագահներ Անդրանիկ Քոչարյանի և Էդուարդ Աղաջանյանի հետ:  

Նա նշեց, որ այս պահին իրենց խմբակցությունը աշխատանքային քննարկում է անցկացնում, թե է՞լ ում կարելի է հրավիրել քննարկումներին, քանի որ մտադիր են լսումներն անցկացնել ոչ միայն զույգ հանձնաժողովների, այլև հասարակական լայն շրջանակների մասնակցությամբ։ Քննարկումները մտադիր են անցկացնել առաջիկա օրերին․ վաղն օրվա ընթացքում արդեն պարզ կլինի և՛ քննարկման ժամկետները, և՛ ձևաչափը։

Գեղամ Մանուկյանն ասաց՝ թեև զորախումբն արդեն Ղազախստանում է, բայց ընդդիմությունը իր վերահսկողական ֆունկցիան օգտագործելով ուզում է ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները։ Նաև, նրա համոզմամբ, հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ հիմնավորումներով են հայ զինվորականները Ղազախստանում։

«Որովհետև հարցը վերաբերում է և՛ անվտանգային, և՛ արտաքին քաղաքական խնդիրներին, դրա համար նպատակահարմար համարեցինք զույգ հանձնաժողովների մասնակցությամբ՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ անվտանգային հարցերի,  ամբողջական քննարկում ծավալել։ Ուղղակի հարցը այն բոլոր մտահոգություններն են, որ կան ԱԺ պատգամավորների՝ կոնկրետ «Հայաստան» խմբակցության մոտ, այդ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալն է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա վստահեցրեց, որ զորախումբն ուղարկելիս՝ ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի հարցրել ԱԺ պատգամավորների դիրքորոշումը, որոշումը կայացրել է միանձնյա, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները դա թույլ են տալիս։ Ամեն երկիր զորախումբ ուղարկելու որոշումն ընդունում է իր ներքին օրենսդրական կարգավորումներով, ոչ թե ՀԱՊԿ կանոնադրությամբ, այս պատճառով էլ մի երկիր կարող է իր Խորհրդարանի հավանությունն ստանալուց հետո ուղարկել զորախումբը, մեկ այլ երկիր՝ առանց դրա։ Հայաստանի դեպքում այս որոշումը կայացնելու իրավասությունը կառավարությանն է:

«Հայաստան» դաշինքի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ այն է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը, Հայաստանը չպետք է խոչընդոտեր խաղաղապահներ ուղարկելուն, բայց կային բոլոր հիմքերը, որպեսզի հայկական զորախումբը չմեկներ։

«Կոնկերտ հաշվի առնելով Ղազախստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այն արտահայտությունները, որ հնչել են Ղազախստանի ղեկավարության կողմից, այդ բոլոր հիմնավորումներով հայկական կողմը կարող էր զորախումբ չուղարկել և չպետք է ուղարկեր, բայց՝ չխոչընդոտելով ՀԱՊԿ համատեղ խաղաղապահ առաքելությանը։ Այսինքն Փաշինյանը, որպես նախագահող, պետք է միայն կազմակերպեր, որ մյուսներն ուղարկեին, իսկ հայկական զորախումբ չուղարկվեր»,-ասաց Գեղամ Մանուկյանը։