կարևոր
1816 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-10 13:04

Զինադադարից հետո`մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն

Զինադադարից հետո`մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն

2022 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ, որից 690-ը ճանաչողական բնույթի:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են նաև տոնական օրերին: 

Զինադադարից հետո`մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ.Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 18 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի։

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարներն են: