Հունվարի 9-ին պատվավոր հանդիսությամբ իրականացվեց Բերդավանի հարակից Փառքի բլուրում կառուցված Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման և սուրբ օծության արարողությունը։
Միջոցառման սկզբին դրոշի բարձրացման պատվո իրավունքը տրվեց պատերազմի թոհուբոհով անցած ու իրենց գյուղի գիրկը վերդարձած մեր հերոս տղաներին։
Հուշահամալիրի բացման իրավունքը տրվեց հերոսներ՝ մայոր Սարգիս Նավասարդյանի որդուն՝ Արեն Նավասարդյանին և ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանի որդուն՝ Վահագն Ղուշչյանին՝ Սրբազան հոր ուղեկցությամբ։ Սրբազան հոր և հոգևոր թեմի ուղեկցությամբ ընտանիքի անդամնեը մասնակցեցին խաչքարերի օրհնության և օծման արարողությանը։
Հուշահամալիրի խաչքարերի խորհուրդը վերաբերվում է ոչ միայն 44 օրյա պատերազմում, այլ նաև Հայաստանի և Արցախի համար բոլոր ժամանակներում հերոսացած բերդավանցի հերոսներին։ Հրովարտակ Խորհրդանշող խաչքարի վրա նշված են նրանց անունները՝
Սարգիս Նավասարդյան
Գարիկ Ղուշչյան
Արտակ Ղազարյան
Գրիշա Ազատյան
Արման Աթաբեկյան
Մհեր Զուրաբյան
Սոս Չիլինգարյան
Վարդան Ասատրյան
Հարություն Սաֆարյան
Վահրամ Հարությունյան
Գոռ Ղազարյան
Վարդան Հանիսյան
Սարգիս Մուղդուսյան
Միշա Մուրադյան:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Բազումի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահե Ղալումյանը, մեր զորամասի հրամանատարական անձնակազմից հրամանատար՝ Վաչե Դավոյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, տարածաշրջանի ուժային և պետական կառույցներից այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը։