Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել՝ հավելելով, որ Ղազախստանում անկարգությունների նախապատրաստությունը երկար ժամանակ է տևել։
Այսօր ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանում անկարգություններին միջազգային ահաբեկիչների մասնակցության ապացույցների առկայության մասին։ Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Ղազախստանի ավազակախմբերը փորձել են տիրանալ զենքին եւ մարտական տեխնիկային։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 8 հազարի։
«Ամբողջ երկրում ձերբակալվել է 7939 ամարդ»,-նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ իրավապահ մարմիններն Ալմաթիի երկու շուկաներում ձերբակալել են 207 մարդու։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։