կարևոր
2365 դիտում, 8 ամիս առաջ - 2022-01-09 11:41

ՔՊ-ի աջակցությամբ Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարաքարի մշակույթի տանը այսօր` հունվարի 9-ին, շարունակվում է դեռ ուրբաթ մեկնարկած ավագանու նիստը՝ օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր: Փարաքարի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ լքեցին նիստերի դահլիճը: 

«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծու առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն ձեզ»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:

Այսօրվա նիստին ներկա է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Դավիթ Մինասյան դաշինքին աջակցություն հայտնեց ՔՊ-ն և 11 կողմ ձայնով համայնքապետ ընտրեցին Դավիթ Մինասյանին: Այնուհանդերձ, հայտարարվեց, որ առաջիկա 5 տարին «Դավիթ Մինասյան» դաշինքը և ՔՊ-ն համատեղ կկառավարեն համայնքը, համապատասխանաբար դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը և ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համամասնորեն կկիսեն համայնքի կառավարումը: 

Հիշեցնենք, դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել: Ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման,  օրենքը թույլատրում է  40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով: Երկու կողմն էլ համարում էր, որ իրենց թեկնածուն օրինական ընտրված համայնքապետ է:

Դեկտեմբերի 23-ին Վոլոդյա Գրիգորյանն իր համակիրների հետ գնացել էր համայնքապետարան՝ երդմնակալությամբ ստանձնելու համայնքի ղեկավարի պարտականությունները, սակայն ոստիկանությունը փակել էր շենքի մուտքը։  «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, Մշակույթի տան դիմաց ամբիոն էր տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Վոլոդյա Գրիգորյանը իր աջակիցների դիմաց ընթերցեց համայնքապետի լիազորությունների ստանձնման երդման տեքստը:

«Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։