Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: Տեղեկությունը լրատվամիջոցներին է հայտնել Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը` հավելելով, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամու կրակոցները լռեցվել են։