կարևոր
2455 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-07 12:30

Փարաքարի ավագանու նիստը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարաքարի ավագանու նիստը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարաքարում այսօր առավոտյան պետք է մեկնարկեր ավագանու նոր նիստ համայնքապետի ընտրության օրակարգային հարցով: Ոստկանական ուժերը համայնքապետարանի առջև են: Առավոտյան բախումներ տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանների միջև: Համայնքապետարանի բակում  հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ փորձեցին ներխուժել համայնքապետարանի շենք, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:

Փարաքարի ավագանու նիստում բանավեճ տեղի ունեցավ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Սարիբեկյանի և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի միջև։ Հայտարում են, որ նիստը պետք է նախագահի ավագանու անդամներից ամենատարեցը, մյուս կողմը նշում է, որ իրենք ժամը 10:00-ին սկսել են նիստը: Այս պահին ընդհատվել է նիստը, ավագանու անդամները բանակցում են: Այս պահին քվորումի խնդիր չկա, 21 անդամից 20-ը ներկա է: 

Ժամը 10.00-ին նիստերի դահլիճում եղել է 11 անդամ: Նիստը եղել է իրավազոր եւ այդ պահին տարիքով ավագը, ըստ կարգի, բացել է ավագանու նիստը: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները նիստերի դահլիճ էին եկել 10 անց 15 րոպե եւ պահանջում էին, որ նիստը բացի ավագանու իրենց անդամը, որը տարիքով ավելի ավագ է: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները պնդեցին, որ իրենց մուտքը համայնքապետարանի շենք եւ նիստերի դահլիճ խոչընդոտվել է, այդ պատճառով են իրենք ուշացել: Նրանք պնդում էին, որ համայնքապետարանի դուռը ներսից փակ է եղել, եւ չեն կարողացել մտնել շենք:

Նշենք, որ ավագանու նիստը տեղի ունենում ֆորսմաժորային իրավիճակում։ Տևական ժամանակ է՝ Փարաքարում չի հաջողվում ընտրել համայնքի ղեկավար։ Իրավիճակն այս պահին խիստ լարված է, քանի որ դրսում համայնքի բնակիչներն են հավաքված՝ Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, եւ 10 ձայնով նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: