կարևոր
1489 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-01-06 22:29

Կառավարությունը որոշում է ընդունել Ղազախստան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկելու մասին

Կառավարությունը որոշում է ընդունել Ղազախստան  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկելու մասին

ՀՀ կառավարության հունվարի 6-ի որոշմամբ թույլատրվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Որոշումը ստորեւ․

«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»:

Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

Իսկ Տաջիկստանը Ղազախստան է ուղարկում մոտ 200 զինվորական՝ կարգուկանոն պահպանելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստիի աղբյուրը:

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ղազախ ժողովրդին և ամբողջությամբ կկատարի ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորությունները։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներովմեկնել են Ղազախստան:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ հինգ երկրի՝ այդ թվում և Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։

«Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են հինգ երկրի՝ ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։