Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդեց դեպի խորան։
Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունեց աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղեց իր պատգամը:
Պատարագի սրբազան արարողության ավարտին կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։
Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը դարձյալ իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան կենարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: