Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան:
Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:
Իսկ Տաջիկստանը Ղազախստան է ուղարկում մոտ 200 զինվորական՝ կարգուկանոն պահպանելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստիի աղբյուրը:
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ղազախ ժողովրդին և ամբողջությամբ կկատարի ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորությունները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներովմեկնել են Ղազախստան:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ հինգ երկրի՝ այդ թվում և Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։
«Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են հինգ երկրի՝ ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանել հայկական զինված ուժերի մասնակցության ձևաչափը Ղազախստանում անցկացվող խաղաղապահ առաքելությունում։